Արմավիրում ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տրվել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին:
Դատախազությունից հայտնում են՝ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները:
«Հաղորդումները հիմնականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից, Ազգային անվտանգության ծառայությունից ու Ոստիկանությունից են ստացվում այն դեպքում, երբ առաջին հաղորդում ներկայացնողը պետք է լինի համայնքի ղեկավարը, տարածքի վարչական պատասխանատուն. անհնար է՝ համայնքի տարածք մտնեն մեծ քանակի մեքենաներ և տեխնիկա ու համայնքի ղեկավարը տեղյակ չլինի դրանց մասին»,- ընդգծել է Վահան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին բարձրաձայնել է նաև մարզխորհրդի նիստում:
Վահան Սարգսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու դեպքերով նախաձեռնվել է 38 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 10 քրեական վարույթ:
«8 քրեական վարույթի շրջանակում ունենք շուրջ 130 մլն դրամի վերականգնում»,- նշել է մարզի դատախազը: