Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը փախել է Վրաստան
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:
«Օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է:
Հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։
Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց տղան էր, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերել և դա նկատել էին պարեկները ու նրան բռնել էին, ապա փորձել էին տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել էր, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել էին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկները նրան փորձել էին տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել էր փախուստի։
«BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի էր եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել էր։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեին, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել էր ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել էր»,-գրում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ավտովթարի հետևանքով մահացել են հայրը, մայրը և նրանց 7-ամյա որդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան