«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահման արդյունքում հափշտակված ավելի քան 53մլն դրամի վնասը վերականգնվել է
ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։
Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ պարզվել է, որ նշված ՓԲԸ-ում 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավար պաշտոն հաջորդաբար զբաղեցրած անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 28 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում։
Հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ նրանք կազմել, հաստատել և վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել՝ հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ։ Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման։
Դրա արդյունքում՝ պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 53.427.789 ՀՀ դրամ գումար։
Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան