Երևանի քաղաքապետարանն ունի աղբատար մեքենաների վարորդների թափուր հաստիքներ. Սաշա Կատվալյան
«Մենք ունենք վարորդների թափուր հաստիքներ 280 հազար մաքուր աշխատավարձով: Գիշերային եւ ցերեկային հերթափոխների վարորդների կարիք ունենք: Զուտ այդ պատճառով է, որ աղբատար մեքենաները նախատեսվածից քիչ են երթուղի դուրս գալիս»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Հետևելով Տիգրան Ավինյանի՝ խնդրի մասին բարձրաձայնելու հորդորին, ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանը։
Նա հայտնեց, որ նոր ձեռք բերված տեխնիկան արդեն աշխատանքի է անցել, այդ պատճառով էլ վարորդների պակաս է առաջացել։
Մինչ այդ Կատվալյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ցերեկային հերթափոխով երթուղի է դուրս եկել 40, իսկ գիշերը` 37 տեխնիկա։ Փողոցների մաքրությունն էլ իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով։
«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6–օրյա գրաֆիկով, 2 հերթափոխով իրականացրել են գրանցված 328 սանմաքրման աշխատակցից 289-ը։ Մնացածը ժամանակավոր անաշխատունակության մեջ են և արձակուրդում»- հայտնեց հիմնարկի տնօրենը։