Օշական գյուղի 55-ամյա բնակիչը կալանավորվել է
Հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 55-ամյա համագյուղացին է:
Նախնական տվյալներով՝ 2024թ․ հուլիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Օշական բնակավայրի Մաշտոցի փողոցի հարակից հատվածում վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կ.Մ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով առողջության ծանր վնաս համարվող հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, չկրակված փամփուշտներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած հիշյալ անձը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Օշականի 55-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան