Ինչ են քննարկել Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը
Իրանը տարածաշրջանի երթուղիները, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (INSTC) դիտարկում է որպես տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման և առաջընթացի հնարավորություն։ «Իրնա» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ այս ոլորտում ծրագրերի ավարտը կլինի նոր վարչակազմի առաջնահերթություններից մեկը։ Մասուդ Փեզեշքիանը երկու երկրների հարաբերությունները որակեց պատմական, բարեկամական, բարիդրացիության վրա հիմնված։
Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։
Մասուդ Փեզեշքիանը վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
ԻԻՀ նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։
Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Մասուդ Փեզեշքիանն նշել է, որ մասնավոր այցով եղել է ՀՀ-ում և մեր երկրից ու ժողովրդից ունի ջերմ տպավորություններ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին