Դիլիջանում պատրաստվում են DILIJAN WINE FEST-ին
Մասշտաբային փառատոն DILIJAN WINE FEST-ը երրորդ անգամ անց է կացվելու Խանջյանի ամառանոցի տարածքում:
Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում տեղի կունենա DILIJAN WINE FEST 2024 փառատոնը: Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։
«Այս անգամ մեր փառատոնի համար ռեկորդային թվով հայկական բրենդներ ենք հավաքել։ 40-ից ավելի գինեգործարաններ և ռեստորաններ հյուրերին կզարմացնեն նոր համերով: Վերջին տարիներին Հայաստանում գինեգործության մշակույթը սրընթաց զարգանում է՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավելով տեղական բարձրորակ գինիների և խաղողի յուրահատուկ սորտերի վրա։ Մեր թիմը ուրախ է լինել այս գործընթացի մի մասը և նպաստել դրա առաջմղմանը»,- ասում է TimeTo-ի փառատոնների գծով տնօրեն Ռոման Օրլենկոն:
«Գինու զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի առաջնային ուղղություններից է՝ շնորհիվ մեր երկրի գինեգործական հարուստ պատմության և մշակույթի։ Տավուշի մարզը մեր 5 գինեգործական մարզերից մեկն է»,- ասում է ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։
Փառատոնը կազմակերպվել է կոմիտեի աջակցությամբ։
Հյուրերին սպասում է գինու տոնավաճառ, համտեսներ, գինով նկարչություն և ավանդական խաղողի տրորման արարողություն: Փառատոնի կազմակերպիչները ակնկալում են ավելի քան 5000 հյուրեր: Այս տարի փառատոնի երաժշտական ծրագրի գլխավոր խումբը The Reincarnation Orchestra-ն է։
Երկու թեմատիկ բեմերում կհնչի ջազ, ինչպես նաև սիրված կատարողների դիջեյ-սեթեր: Dilijan Wine Fest-ում առաջին անգամ ելույթ կունենան հայ դասականների ժամանակակից մշակումներով հայտնի gorgeouz beats-ը: DJ բեմում կհայտնվեն նաեւ ALEN HERTZ-ը (TERIAKI-ն) ու DJ TOX-ը։ Ջազային բեմում հանդես կգան երաժիշտներ Դեյվ Գեոդակյանը, ինչպես նաև Սոնա Գյուլխասյանը և Ռաֆայել Պետրոսյան տրիոն։
Փառատոնի տարածքում նախատեսված է նաև ընտանեկան հանգստի գոտի, խաղեր և զվարճություններ երեխաների համար։
Փառատոնի տարածքը հյուրերի համար բաց կլինի ժամը 15:00-ից մինչև 22:00։
Վայրը՝ Խանջյանի սմառանոցը, ք. Դիլիջան (Մաքսիմ Գորկու փող., 3/1):
Փառատոնի գործընկերներն են EasyPay ֆինտեխ հարթակը և Vine and Wine Foundation-ը։