Դարակերտում ապօրինի ավազակոպիճ արդյունահանելու հետևանքով 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար:Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 4500 խմ ծավալով օգտակար հանածո (ավազակոպիճ): Այնուհետև, արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով, այն տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող ընկերության տարածք, որտեղ, ձեռքբերման աղբյուրը թաքցնելով, նշված 4500 խմ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը և համայնքին պատճառելով մոտ 10 մլն դրամի վնաս:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 10 մլն դրամի վնասը 2024 թվականի հուլիսի 30-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրությունում։