«Առանց նախապայմանների» գլխավոր «նախապայմանը». Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն այսօր պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:
Կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը:
Սա երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունն է, որն, ըստ էության, հուշում է, որ կարգավորման գործընթացում էական առաջընթաց չկա, եթե հաշվի չառնենք նախորդ պայմանավորվածությունները վերահաստատելու նոր պայմանավորվածությունը:
Իհարկե, չի բացառվում, որ կողմերն ավելի լայն՝ ռեգիոնալ համատեքստում, ինչ-որ բան պայմանավորվել են, ինչի մասին դեռևս նպատակահարմար չեն համարում բարձրաձայնել:
Ի դեպ, երբ հայ-թուրքական երկխոսության համատեքստում հաճախ հիշատակում են «առանց որևէ նախապայմանի» արտահայտությունը, որպես կանոն՝ ավելի ընդգծված է լինում կոնկրետ նախապայմանի առկայությունը:
Այս տեքստն այս առումով բացառություն չէ. հայ-թուրքական երկխոսությունն ընթանում է «առանց որևէ նախապայմանի», բայց Ռուբինյանն ու Քըլըչը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»:
Այլ խոսքով, Անկարայում սպասում են Հայ-ադրբեջանական կարգավորմանը, որի վերջնական հանգրվանը՝ Էրդողանի գնահատմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում. Քըլըչ
- Ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. Մանրամասնում է ԱԳՆ-ն
- Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
- Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հատուկ ներկայացուցիչները. ԱԳՆ-ն հաստատեց