Ադրբեջանն Էրդողանին մեղադրեց ստախոսության մեջ․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Մինչ Էրդողանը ամեն ձև բացատրում է, որ առանց Թուրքիայի մասնակցության հնարավոր չէր Արցախի օկուպացիան, Հայաստանի որոշ շրջանակներ Իլհամ Ալիևի հետ միասին ամեն կերպ հերքում են այս փաստը։
Իհարկե, հայաստանյան կոլաբորացիոնիստները (մարդիկ, ովքեր ամեն գնով հերքում են Թուրքիայի մասնակցությունը և փորձում տարանջատել ագրեսոր Թուրքիային ագրեսոր Ադրբեջանից) դրա համար ունեն իրենց հատուկ շարժառիթը` հայաստանյան հանրության մոտ ստեղծել դրական կարծիք Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի հետ իրենց վաղեմի երազանքները իրագործելու համար։
Իսկ Հեյդարի տղա Ալիևի խնդիրը այլ է։ Նախ` Ադրբեջանը մշտապես ներկայացրել է, թե իբր ինքը պատերազմ չի նախապատրաստել, այլ ընդամենը արձագանքել է հայկական կողմի գործողություններին(թեպետ 2020 թվականի զորավարժություններից հետո թուրքական ուժերը այդպես էլ դուրս չեկան ադրբեջանի տարածքից, սպասելով Գյանջայում և հարակից շրջաններում):
Իսկ որ ավելի կարևոր է, նա` Հեյդարի որդին, ադրբեջանական բանակը ներկայացնում է որպես հաղթական բանակ, որպես թյուրքական աշխարհի լոկոմոտիվ, հաճախ նույնիսկ թուրքական բանակին ստվերելով։
Եվ հիմա, երբ Էրդողանը ասում է ճշմարտությունը, հիշեցնելով իր առաջ ունեցած պարտքերը, Հեյդարի որդին անմիջապես Էրդողանին մեղադրում է ստախոսության և գլուխ գովելու մեջ, իհարկե դա անձամբ անելու քաջություն նա չէր ունենա, ուստի Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն է այդ դերը ստանձնում։ Ամեն դեպքում` Ադրբեջանը Էրդողանին մեղադրեց ստախոսության մեջ։
Իսկ մեզ համար վաղուց պարզ էր, որ առանց թուրքական բանակի Ադրբեջանը երբեք չէր գնա նման լայնամասշտաբ պատերազմի»։