ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Արձանագրությունը ստորագրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:
Երևանի «Զվարթնոց» օդային անցակետում հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը:
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հիշեցրել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ-անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները:
«Ձեր՝ ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Վստահաբար կարելի է ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,- ասել է նա։