Վերլուծաբան. Հարավային Կովկասը դառնում է Ռուսաստանի դեմ ճակատներից մեկը
Վերջին օրվա ընթացքում Հայաստանի տարածքով հնարավոր միջանցքի մասին երկու գերտերություններից հայտարարություններ հնչեցին։
«Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին»,-Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը վացահայատ կերպով հայտարարեց. «Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ հնարավորություն ունեն համաշխարհային շուկա դուրս գալ միայն Ռուսաստանի և Չինաստանի միջոցով։ Եթե ԱՄՆ-ն կարողանա երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք հնարավորություն կունենան մուտք կգործել համաշխարհային շուկաներ և կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից»:
ԱՄՆ-ից ու Իրանից հնչած հայտարարությունների մասին Panorama.am-ը զրուցել է Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ։
«Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի ու արևմուտքի միջև պատերազմ է։ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար մեծ նշանակություն ուներ անվտանգության ու այլ հարցերում, հիմա այն դառնում է Ռուսաստանի դեմ ճակատներից մեկը Ուկրաինայից հետո։ Դրա մասին տարբեր փորձագետներ ասել են, բայց բարձր մակարդակով առաջին անգամ հայտարարվեց»,-ասաց վերլուծաբանը՝ ընդգծելով, որ միաժամանակ Օ՛Բրայենի հայտարարության մեջ նորություն չկար։
Նրա խոսքով, Հայաստանը ԱՄՆ-ից ստանում է աջակցություն այսօրվա քաղաքականությունը վարելու համար, երբ դադարի վարել այդ քաղաքականությունը, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, աջակցությունն էլ կնվազի, ճնշումներ էլ կլինեն։
«Հիմա Հայաստանն ունի երկու մոտեցում, կամ գնում է ամերիկյան սցենարով, կամ չի գնում։ Ըստ այսօրվա քայլերի, մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է գնալ դրան։ Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանի երկրները դառնում են միջոց Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Ինչքանով է դա համընկնում Հայաստանի այսօրվա շահերի հետ, այսօր որոշում կայացնողները պետք է պատասխանեն։ Որպես փորձագետ ես ասում եմ, ոչ տարածաշրջանային երկրները գալիս ու գնում են, իսկ աշխարհագրությունը դու չես կարող փոխել։ Երբ դու ունես երկու սահման, որից մեկը գերկարևոր է, խոսքն Իրանի մասին է, դա դուռ է բացում Հնդկաստանի, արաբական երկրների հետ հարաբերությունների համար։ Այս պարագայում դիմել քայլերի, որոնք ուղղված են հարևանի երկրի դեմ, որի շնորհիվ Սյունիքը դեռ հայկական է, ինձ չի թվում, որ սա շատ խելոք քայլ կլինի»,-ասաց Մելքոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան