ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք տնտեսվարող սուբյեկտներից կաշառք ստանալու մեջ
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ Գ. Փ.-ն և Վ. Ք.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների օգտին դրսևորած թողտվության և հովանավորչության համար նրանցից պահանջել և ստացել են յուրաքանչյուր դեպքում մինչև 90.000 ՀՀ դրամ կաշառք:
Կոմիտեից հայտնում են, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2023 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ իրենց գործառույթներն իրականացնելու ընթացքում, ավտոգազալցման կայանների տնօրենների, հասարակական սպասարկման օբյեկտների սեփականատերերի, որոշ դեպքերում՝ դրանց պատասխանատու անձանց օգտին թողտվության, հովանավորչության և այլ ապօրինի գործողություն կատարելու, մասնավորապես՝ հիշյալ կառույցներում առկա հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չարձանագրելու, հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն տալու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ:
Գ. Փ-ին և Վ. Ք.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /8 դրվագ /, իսկ վերը նշված ընկերություններից մեկի տնօրեն Մ. Ս.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան