ԵՆԲ-ի հետ համագործակցությամբ Ակբա բանկը 55 միլիոն եվրո կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։
Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։
Համագործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը և խթանելու մասնավոր հատվածի աճը և աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաև, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով նաև լրացուցիչ աշխատատեղեր:
«Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ և դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների աճին և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, և կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության և Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։
«Ակբա բանկն այս պահին Հայաստանի առևտրային բանկերի շրջանում առաջին ուղիղ և խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է և այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները՝ ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժևորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:
Եվրոպական ներդրումային բանկի և ԵՆԲ Գլոբալի մասին
Եվրոպական ներդրումային բանկը Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։
ԵՆԲ Գլոբալը Եվրոպական ներդրումային բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաև Հայաստանը։
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5600 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները