Միրզոյան եղբայրներն ու Ռուսաստանի տարվա ամուսնալուծությունը. Ի՞նչ է կատարվում Wildberries-ի հիմնադրի ընտանիքում
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ու ամուսնու միջև սկանդալը նոր դրսևորումներ է ստանում։ Բակալչուկը դիմել է դատարան ամուսնալուծության համար։ Նրա և ամուսնու՝ Վլադիսլավի ամուսնալուծությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված որոշ գործոններից։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է իրավաբան Իլյա Ռուսյաևը։
«Բնական հարց է ծագում, թե ինչքան երկար և բարդ կարող է լինել ամուսնալուծության գործընթացը, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսի և ակտիվների բաժանմանը։ Ամուսնալուծության գործընթացի տևողությունը կարող է տարբեր լինել. մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված մի շարք գործոններից»,- ասել է Ռուսյաևը։
Նրա խոսքով, Բակալչուկների ամուսնալուծության վարույթի տևողության վրա կազդեն նաև անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաև հանրային բարձր հետաքրքրությունը։
«Տատյանան և Վլադիսլավ Բակալչուկները յոթ երեխա ունեն։ Խնամակալության և ալիմենտի հարցերը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երեխայի շահը։ Հանրային բարձր հետաքրքրությունը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել երկու կողմերի և դատարանի վրա, ինչն իր հերթին կարող է հանգեցնել գործընթացի ձգձգմանը կամ, հակառակը, այն արագ ավարտելու ցանկությանը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Տատյանայի ամուսնու խնդրանքով մի քանի հայտնիներ հրապարակային կոչ են արել կնոջը՝ վերադառնալ ընտանիք։
Հուլիսի 23-ին օրինակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի Telegram-ի ալիքում հայտնվեց անսպասելի տեսանյութ, որում Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատեր Տատյանա Բակալչուկի ամուսինը և Wildberries շուկայի համասեփականատեր Վլադիսլավը բողոքում էր քաղաքական գործչին, որ կինը խառնվել է «անհասկանալի ընկերության» հետ և հեռացել ընտանիքից: Անհասկանալի ընկերություն ասելով ի նկատի ուներ Russ-ին։
Բակալչուկին լսելուց հետո Կադիրովը հայտարարել է, որ թույլ չի տա՝ ընտանիքը քանդվի, և ավելացրել, որ տհաճ իրավիճակում հայտնվել են «մի քանի հայտնի կովկասցիներ»։ Բակալչուկն ասել է, որ կինը տանից հեռացել է ապրիլի 1-ից։
Ընտանեկան սկանդալը սկիզբ առավ ու ընդլայնվեց, երբ տարածվեցին Wildberries-ի Russ-ի միաձուլման մասին տեղեկություններ։ Wildberries-ը և ՌԴ խոշորագույն արտաքին գովազդի օպերատորը՝ Russ խումբը, հայտարարել են, որ միավորվում են՝ թվային առևտրային հարթակ ստեղծելու համար:
DNS ընկերությունների խմբի համասեփականատեր և նախագահ Դմիտրի Ալեքսեևն ահազանգել էր, որ դրա հետևանքով օնլայն շուկայի հիմնադիր Տատյանա Բակալչուկը կարող է կորցնել ընկերությունը։
«Այն, ինչ կատարվում է Wildberries-ի հետ, զարմանալի է և աննախադեպ: Այն ռուսական շուկայի հպարտությունն է, եզակի ընկերություն, և Բակալչուկ զույգն առաջացնում է իմ անկեղծ համակրանքն ու հարգանքը»,-ասել էր նա։
Russ արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի համասեփականատերերը հայ եղբայրներ են՝ Լևան և Ռոբերտ Միրզոյանները։
Wildberries-ի և Russ-ի միաձուլման մասին հայտնի դառնալուց հետո տարվա գործարք թվացող իրադարձությունը վերածվեց տարվա հակամարտության ու ընտանեկան սկանդալի։
Forbes-ը հրապարակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատճենը, որի ներքո ստորագրել էին Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկն ու Russ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը։
Նրանք նշել էին, որ ընկերությունների միաձուլումը կստեղծի «ամենաուժեղ մրցակիցը» համաշխարհային այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը, Alibaba-ն, SoftBank-ը և այլն։ Պուտինին նախագիծը դուր է եկել, հանձնարարել է աջակցել։
Forbs.ru-ն նշում է, որ Միրզոյան եղբայրների մասին քիչ բան է հայտնի։ Ռոբերտ Միրզոյանը եկել է Թբիլիսիից, 2000-ականներին զբաղվել է MGTS հեռախոսային տաղավարներում գովազդ տեղադրելով, իսկ «Вера & Олимп» է եկել 2016 թվականին։ ԶԼՄ-ները գրել են, Միրզոյանների բիզնեսը հնարավոր է ունենա ազդեցիկ գործընկեր, ինչպիսին օրինակ միլիարդատեր ու սենատոր Սուլեյման Քերիմովն է։ Միրզոյանը նրա մասնակցությունն իր բիզնեսին հերքել է։
Երկու ընկերությունների միաձուլման դեմ արտահայտվողները հեռացվել են Wildberries ընկերությունից, գործարքի որոշումը Տատյանան կայացրել է միայնակ։
Նա նույնիսկ տեսաուղերձով արձագանքել է Կադիրովին՝ նշելով, որ
իրեն փրկելու կարիք չկա, հերքել է Wildberries-ի առգրավման մասին հայտարարություններն ու տեղեկացրել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։
«Վլադիսլավն իսկապես ունի բաժնետոմսերի 1 տոկոսը, ինչը հաստատվում է այս փաստաթղթով, և նա չի մասնակցում ընկերության կառավարմանը»,-ավելացրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բակալչուկը նախազգուշացվել է միաձուլման պատճառով Wildberries-ը կորցնելու ռիսկի մասին
- Տատյանա Բակալչուկը՝ Ռուսաստանի երկրորդ կին միլիարդատերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան