Էրդողանը չի եղել Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված ընդունելության հրավիրյալների ցանկում
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի եղել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված ընդունելության հրավիրյալների ցանկում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հարկ է ընդգծել, որ հուլիսի 30-ին Էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնն անձամբ է իրեն հրավիրել, ինչին նա տվել է ոչ միանշանակ պատասխանը:
«Մակրոնն ինձ հրավիրեց, ես էլ ասացի, որ կարող է գամ: Իմ 13 տարեկան թոռը ասաց՝ պապի՛կ, մի՛ գնա: Ես հարցրի՝ ինչու՞: Նա պատասխանեց՝ այնտեղ ԼԳԲՏ ցուցադրություն են անելու: Ես էլ ասացի՝ շատ լավ, աղջիկս, ուրեմն չեմ գնա»,- պատմել էր Էրդողանը:
Նշենք, որ ֆրանսիական «France 24» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ընթրիքը կայացել էր հուլիսի 26-ին:
Էրդողանից բացի ընթրիքին չէին հրավիրվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բին Սելմանը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմեդ Բին Զայեդ Ալ նահյանը: