Փրկարարները մանկապարտեզներում
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը:
Մասնավորապես՝ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել վարչական շրջանի ղեկավար կազմի տեսական ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։
«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել «Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոց», «Փարաքարի մանակապարտեզ», «Պռոշյանի աստղիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում:
Ուսումնավարժանքների նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման, ինչպես նաև օղակների հրամանատարների գործնական ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը:
Երևանի թիվ 34, 94, 123 և 158 մանկապարտեզներում, թիվ 20 պոլիկլինիկայում և Արամ Խաչատրյան տուն-թանգարանում փրկարարական ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել ուժեղ երկրաշարժի և հրդեհի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպման թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր բարձրացնել անձնակազմի ու կազմավորումների միջև փոխհամագործակցության մակարդակը, կատարելագործել հաստատությունների անձնակազմի գործնական հմտությունները:
ՆԳՆ փրկարարական ծառայությունից նաև հայտնում են, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել ընդհանուր առմամբ 846 մասնակից:
Նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: