Խաղող մթերողներին կտրամադրվի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք
«Որոշման ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող ընկերությունները բազմիցս դիմել են էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման, ինչպես նաև պտուղ-բանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման հարցում:
Պապոյանի խոսքով՝ տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում պետությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի արտահանված արտադրանքի արժեքը:
«Եթե թվային արժեքով ներկայացնենք, պատկերացնենք, որ տնտեսվարողն ուզում է 2 մլրդ դրամ վարկ ներգրավել, որպեսզի ինքն իրականացնի պտուղ-բանջարեղենի կամ խաղողի մթերում, բայց ունի 1 մլրդ դրամի գրավ, ապա մյուս 1 մլրդ դրամի գրավը պետությունը տալիս է երաշխիք, որպեսզի ինքը վերցնի»,-ներկայացրեց Պապոյանը։
Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ այդ աջակցության շահառուները վարկային միջոցների 80 %-ից ավելին օգտագործում են հատկապես խաղողի մթերումների ժամանակ:
Նա կարևորեց, որ որոշումը կայացնում են օգոստոսի սկզբին, որովհետև տնտեսվարողները կկարողանան որոշման շրջանակում, աջակցության ծրագրի բովանդակությունը հաշվի առնելով, պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերել, և դիմել կառավարության աջակցության համար:
Հարակից հրապարակումներ`
- Խաղողի բերքատվության կանխատեսում
- Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
- Արտադրողների և մթերողների միջև արդեն կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր