Թումանյանի տարածաշրջանում աղետի հետևանքով վնասված գազաբաշխման ցանցը վերականգնվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով։
Բաժանորդների գազամատակարարումն իրականացվում է անխափան և բնականոն ռեժիմով։
Որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր գազատարներ, որոնք կվերատեղադրվեն վարարումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնումից հետո։
Ընկերությունից հայտնում են, որ Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։
Վթարավերականգնողական աշխատանքները մեկնարկել էին մայիսի 27-ին, ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 5000 գծամետր գազատար։
Աշխատանքներին ներգրավված էր ավելի քան 85 մարդ Լոռու ԳԳՄ բոլոր տարածքային տեղամասերից, սեղմ ժամկետներում տեղափոխվեց 15 միավոր անհրաժեշտ շինարարական տեխնիկա։
«Թումանյանի տարածաշրջանում վթարավերականգնողական աշխատանքներն տևել են շուրջ 20 օր։ Աշխատել ենք գրեթե շուրջօրյա, որպեսզի կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել գազամատակարարումը, քանի որ մեր տարածաշրջանում գազազրկված էր շուրջ 3 000 բնակիչ-բաժանորդ», - նշում է Թումանյանի ՏՏ պետի տեղակալ Ա․ Իսրայելյանը։