Այս 40 օրերի ընթացքում պատարագներ տեղի ունեցան աշխարհի շուրջ 40 եկեղեցիներում ի հիշատակ Լալա Մնացականյանի
Նկարիչ, վաստակավոր նկարիչ, դերասանուհի Լալա Մնացականյանի ամուսին Աշոտ Համբարձումյանը գրում է.
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ԼԱԼԱՅԻ բազմահազար երկրպագուներ: Հուլիսի 31-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ և հոգեհանգստի կարգ ի հիշատակ ԼԱԼԱՅԻ մահվան 40 օրվա։ Հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու մի շարք երկրների տաճարներում տեղի ունեցան կիրակնօրյա պատարագ և հոգեհանգստի կարգ ի հիշատակ Լալայի։ Այս 40 օրերի ընթացքում հանդիսավոր պատարագներ տեղի ունեցան աշխարհի շուրջ 40 եկեղեցիներում՝ Լոս Անջելեսում՝ Գլենդելում, Տորոնտոյում, Մոնտեվիդեոյոմ, Սիդնեյում, Լոնդոնում, Բեռլինում, Քյոլնում, Նյուվիդում, Ստրասբուրգում, Բարսելոնում, Նանսիի Ֆրանսիական տաճարում, Գրենոբլում, Պրահայում, Թբիլիսիում, Եկատերինբուրգում, Վանաձորում...
Որոշ տեսագրություններ ու լուսանկարներ արդեն ես ստացել եմ։ Սիրելիներս, ուզում եմ իմ և դստերս՝ Մանեի անունից խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սիրով կազմակերպեցին այս ամենը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 40 օրերի ընթացքում մեր կողքին էին յուրաքանչյուր արարողության ժամանակ, ովքեր իրենց այցելությամբ, հեռախոսազանգերով, նամակներով փորձում էին կիսել մեր ծանր վիշտը։ Շնորհակալություն նրանց, ովքեր չԶանգեցին, որոշեցին չանհանգստացնել մեզ։
Շնորհակալություն բոլոր լրատվամիջոցներին, ռադիոալիքներին ու հեռուստաընկերություններին, ովքեր ուղիղ եթերով կամ հաղորդումներով մեկնաբանեցին ու ցուցադրեցին տեսանյութեր Լալայի մասնակցությամբ։ Համացանցի բոլոր ծանոթ ու անծանոթ ընկերներին մեր խորին շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն ռուսական յութուբյան ալիքին, որը 2024 թվականի հունիսին դեպի հավերժություն հեռացած աշխարհի ամենահայտնիների մեջ նշեց Լալայի անունը։
Սիրելիներս, առողջ եղեք ձեր հարազատների հետ: ԱՍՏՎԱԾ պահապան ձեզ և ձեր ընտանիքներին... ԱՍՏՎԱԾ պահապան ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...»։