ՍԴ որոշումը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ուղիղ իրավական հետևանք չունի. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ
«Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ արձանագրեց, որ Դատախազության և Վճռաբեկ դատարանի կողմից որպես օրենսդրական բաց որակված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը Սահմանադրական է և համապատասխանում է Սահմանադրության պահանջներին․ այսինքն՝ մերժեց Վճռաբեկ դատարանի և դատախազության դիմումը»,-նման հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ արձագանքելով ՍԴ որոշմանը։
Հայտարարության մեջ նշվում է.
«Համոզված լինելով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը և ՀՀ Սահմանադրական դատարանը ծանոթացել են ԵԴ/0253/01/19 քրեական գործով վարույթային նյութերին, պետք է արձանագրենք, որ նշված գործով չի ներկայացվել արարքի որակումը փոփոխելու միջնորդություն դատավարական իմաստով հենց միջնորդությունների փուլում, որը ենթադրաբար մերժված լիներ Դատարանի կողմից և այն ՍԴ որոշմամբ որպես նոր հանգամանք տարիներ անց վերացվեր:
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1741 որոշումը կոնկրետ ԵԴ/0253/01/19 քրեական գործով իրավական հետևանք չի կարող ունենալ, քանի որ Դատախազությունը, հանդիսանալով իր լիազորությունների շրջանակներում Սահմանադրությունը մեկնաբանող և կիրառող մարմին, չի ներկայացրել 2021 թվականի ապրիլին արարքի որակումը փոխելու միջնորդություն, որի մերժման դեպքում միայն ՍԴ որոշումը կհանդիսանար սույն գործով իրավական հետևանք ունեցող: Սահմանադրական դատարանը կարող էր նաև արձանագրել, որ, օժտված լինելով այդ լիազորությամբ, Դատախազությունն այն չի իրացրել, հենց ելնելով այն իրավական դիրքորոշումից, որ մեղսագրվող արարքը չէր կարող որակվել այլ հանցակազմով:
Նաև ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ գործի քննությանը մասնակցել է դատավոր Վահե Գրիգորյանը: Վերջինս, հաշվի առնելով, որ եղել է տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, նույն գործով չէր կարող լինել անկախ և անաչառ: Նման վարքագիծը ոչ միայն հակասում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից տրված երդմանը, այլ նաև հենց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ուղիղ պահանջին, ըստ որի՝ Դատավորի մասնակցությունն անհնարին է, եթե նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում: Մասնակցության խնդիր էր առաջացել նաև մեկ այլ Դատավորի՝ պրն. Դ. Խաչատուրյանի մասով, ում ներգավվումը սույն վարույթին առհասարակ պարզ չէ, քանի որ Վճռաբեկ դատարանի դիմումը վարույթ ընդունելու պահին, վերջինս Սահմանադրական դատարանի դատավոր չի հանդիսացել»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական խմբի՝ ՍԴ որոշման վերաբերյալ դիրքորոշման ամբողջական տեքստի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։