ՔԿ. Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքեր
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր:
ՔԿ-ից մանրամասնում են, որ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:
Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը:
Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71մլն. ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Վ․Մինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ):
ՔԿ-ից նաև հայտնում են, որ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերու ուղղությամբ:
Հավելենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել Վ․Մինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան