Ուրոգինեկոլոգիան՝ Հայաստանում նոր ձևավորվող ենթամասնագիտություն
Երևանում կայացել է «Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության
3-րդ գիտաժողով»-ը, միավորելով հայաստանյան գինեկոլոգիական ոլորտի բժիշկներին, մանկաբարձ-
գինեկոլոգներին, ուրոլոգներին, մանկաբարձուհիներին, բուժքույրերին, ֆիզիոթերապևտներին,
ուսանողներին և առողջապահական ոլորտի այլ աշխատակիցներին։
Գիտաժողովը ոլորտային կարևոր ու հեռանկարային նպատակ է որդեգրել՝ Հայաստանում ձևավորել ուրոգինեկոլոգների մասնագիտական համայնք, շարունակական նախագծերի և թիրախային միջոցառումների շնորհիվ ապահովել մասնագիտական համայնքի կրթումը, նոր գիտելիքի և միջազգային փորձի տեղայնացումը։
ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանն ընդգծել է, որ ուրոգինեկոլոգիան շատ արագ զարգացող, միջդիսցիպլինար ուղղություն է։
«Կարևոր է, որ ներկայումս կանայք սկսել են բարձրաձայնել իրենց առողջական խնդիրների մասին, ինչը ոչ վաղ անցյալում շատ ավելի հազվադեպ էր տեղի ունենում․ ուստի կարևորում եմ այս նեղ մասնագիտական թեմայի առաջընթացն ապահովող յուրաքանչյուր մասնագիտական քննարկում, միջոցառում, գինեկոլոգների և ուրոլոգների սերտ համագործակցություն, յուրաքանչյուր միջոց, որը էապես կփոխի հայ կանանց կյանքի որակը», - ասել է նա։
Գիտաժողովը կայացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի և «Հայաստանի Ուրոգինեկոլոգների ասոցիացիայի» գործակցությամբ։ Կազմակերպիչները նշում են՝ ուրոգինեկոլոգիան բժշկության նոր ուղղություն է, որը զբաղվում է կանանց գինեկոլոգիական և ուրոլոգիական խնդիրների լուծմամբ մեկ մասնագետի՝ ուրոգինեկոլոգի կողմից։
Ուրոգինեկոլոգիայի միջազգային մոտեցման հիմնական ու ամենամեծ առավելությունն է՝ կոնսերվատիվ, ոչ վիրահատական բուժմանը տրվող նախապատվությունը։ Իսկ վիրահատությունը դիտարկվում է որպես ծայրահեղ միջամտություն՝ որպես ամենածանր դեպքերի լուծում։