Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն:
Monumentwatch-ը նշում է՝ դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, գյուղի մոտ է գտնվում հայտնի ‹‹Օխտը դռնի›› վանքը: Ոչնչացման գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող հուշարձանները:
2021 թվականից սկսած օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող մեծածավալ ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով Արցախի բազմաթիվ գյուղերում կատարվում էին մեծածավալ ավերումներ: Ռիսկային գոտում են հատկապես Հադրութի շրջանի գյուղերը և դրանց հարակից տարածքները, ինչը պայմանավորված էր Շուշի տանող երկու նոր ճանապարհների, դրանց սպասարկող ենթակառուցվածքների կառուցմամբ, երբ ավերվում էին հսկայական տարածքներ ճանապարհների անցկացման, ինչպես նաև շինտեխնիկայի, սպասարկող անձնակազմի, շինարարական նյութերի և թափոնների կուտակման համար: Հաճախ տարաբնույթ ինժեներական հարցերը լուծվում էին ի հաշիվ հայկական գյուղերի կամ դրանց տների ավերման: Մոխրենես գյուղի ավերումը թերևս հենց այս միտումնավոր գործողությունների հետևանքն է:
Մեր արձագանքը
Մոխրանես գյուղի ենթակառուցվածնքների և մշակութային հուշարձանների ոչնչացումը փորձելով դիտարկել մշակութային ժառանգության լայն հայեցակարգի շրջանակներում, պետք է նշենք, որ այս դեպքում հարձակման են ենթարկվել թե՛ նյութական կառույցները և թե՛ ոչ նյութական ժառանգությունը, այդ թվում ավանդույթները, պատմությունները, մարդկանց կենցաղավարման մշակույթը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված մշակութային ժառանգության 21-րդ դարի ռազմավարության փաստաթղթում ժառանգությունը սահմանվում է հետևյալ կերպ․ «Մշակութային ժառանգությունը ընդգրկելով նյութական և ոչ նյութական հարթությունը, հմտությունները, «իմանալ-ինչպես»-ը, պատկերացումները, վերաբերմունքն ու այլ տարրեր, անքակտելիորեն կապված է դրա համատեքստի և այն բնական ու մշակութային միջավայրի հետ, որտեղ այն ձևավորվել է (Recommendation of the Committee of Ministers to member States on the European Cultural Heritage Strategy for the 21st century, (Adopted by the Committee of Ministers on 22 February 2017 at the 1278th meeting of the Ministers' Deputies),p․ 3):
Ուստի, Արցախի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացում ոչ միայն տվյալ արժեքի ֆիզիկական կորուստին է հանգում, այլև վնասում է ՝ ինքնությանը, խաթարում բնական միջավայրը և էապես վնասում արցախահայերի մշակույթի իրավունքը։ Արցախի ժողովրդին՝ իր բնիկ տարածքից բռնի հեռացնելը, իր իսկ ժառանգության հետ հաղորդակցվելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու, ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու հնարավորության չեզոքացումը կամ բռնի տեղահանությամբ կասեցումը էական խոչընդոտ է ինքնության պահպանության համար և վերստեղծման համար։
Գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան