Մեքենաս վաճառել եմ, դեղձի այգի հիմնել, արջը գիշերը գալիս, դեղձն ուտում է, մատղաշ ծառերն էլ ջարդում. Ռինդ գյուղի բնակիչ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հին Ռինդ գյուղատեղի ենք ուղևորվում։ Դեպի Արենի գնացող մայրուղու Չիվայից անմիջապես հետո ընկած հատվածում գտնվող շուկայում գյուղացիները դեղձ են վաճառում։
Մեքենան կանգնեցնում եմ՝ դեղձ գնելու։ Վաճառողը մոտ 30 տարեկան երիտասարդ է Ռինդ գյուղից, ճանաչում է և չի ցանկանում գումար վերցնել, դեռ մի բան էլ հրավիրում է գյուղի իրենց տուն։
Մի կերպ համոզում եմ, և վերջում համաձայնվում է գոնե ավելի էժան գնով, քան սովորաբար վաճառում է դեղձը, վերցնել գումարը։
«Արջը օր ու արև չի տալիս, պրն. Ոսկանյան, մեքենաս վաճառել եմ, դեղձի այգի հիմնել, գիշերը գալիս, դեղձն ուտում է, մատղաշ ծառերն էլ ջարդում, վնասում, բերքից գցում։ Կենդանին մեղք չունի, ուտել է ուզում, բայց դե, մենք էլ սնանկանում ենք։ Խնդրել ենք, որ լուծում գտնեն, մեզ էլ օգնեն, որ այգիները պաշտպանենք, ոչ մի բան չեն անում, միայն խոսում են։ Խնդրում եմ՝ այս մասին գրեք, որ տեղյակ լինեն, Ձեզ հարգում են, միգուցե լսեն», - դառնացած խոսում է երիտասարդը։
Քանի որ խոստացա, որ այս մասին կգրեմ, ապա գրում եմ, բայց սա առաջին դեպքը չէ։ Միայն այս տարի երևի չորս-հինգ նման պատմություն եմ լսել Վայոց ձորի տարբեր վայրերում, ինչը ցուցիչ է, որ խնդիրը լայն տարածում ունի և պետք է լուծում գտնել»։
Հարակից հրապարակումներ`
- Գորշ արջը «Խոսրովի անտառ»-ում կրկին հայտնվել է տեսախցիկների առջև
- Եղեգիսում ամեն օր երեկո «սպասում» են արջերին
- Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում
- Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա