Մեծ Բրիտանիայում կրքերը չեն հանդարտվում. Հրկիզումներ են, բախումներ ու ձերբակալություններ
Մեր Բրիտանիայի Ռոթերհամ քաղաքում անցած գիշեր դիմակավորված մարդկանց ամբոխը, որը գլխավորում են ծայրահեղ աջերը, փորձել է հրկիզել հյուրանոցը, որտեղ տեղավորված են ապաստան հայցողները։
Այս մասին գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ ողջ երկում հակամիգրացիոն ցույցերն ու դրանց ընթացքում բռնությունները շարունակվում են։
Մինչ ոստիկանների հետ բախումները մոտ 700 մարդ է հավաքվել Ռոթերհեմի Holiday Inn Express հյուրանոցի մոտ։ Որոշ ապստամբներ փայտի կտորներ, շշեր ու աթոռներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Հարավային Յորքշիրի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, բախումների հետևաքով 10 ոստիկաններ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը գլխի հատվածում վնասված ստանալուց հետո անգիտակից վիճակում է։
Ցուցարարները բղավել են՝ «դուրս հանեք նրանց», ապա փորձել են ն երխուժել հյուրանոց։
Իրավիճակը լուրջ է նաև Միդլսբրո քաղաքում։ Այստեղ համատարած անկարգություններ են՝ մեքենաներ, աղբամաններ են այրել, շենքերի, մեքենաների լուսամուտներ կոտրել, շշեր նետել աջ ու ձախ: Ոստիկանությունն այդ գործողությունները որակել է «ապշեցուցիչ»։ Անկարգությունների հետևանքով 35 մարդ է ձերբակալվել։ Գրում է BBC-ն։
Քաղաքի ոստիկանապետի օգնական Դեյվիդ Ֆելթոնն ասել է. «Բռնության մակարդակը, որը մենք տեսանք այսօր, ապշեցուցիչ է: Մենք գիտենք, որ այսօր Միդլսբրոյի ցնցող տեսարանները տագնապ կառաջացնեն համայնքների շրջանում։ Կոտրվել են նաև Թիսայդի համալսարանի շենքի ապակիները։ Անձնակազմի անդամներ կամ ուսանողներ չեն տուժել»։