Վիճաբանության ժամանակ տղամարդը հրազենային վնասվածք է պատճառել նույն տան բնակչին
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն oգոստոսի 4-ին, կեսգիշերն անց զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում վիճաբանություն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ նույն հասցեում բնակվող 56-ամյա և 46-ամյա երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 46 տարեկանը իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից երկու կրակոց է արձակել, որից մեկը դիպել է 56-ամյա տղամարդու ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
46-ամյա տղամարդը հայտնաբերվել, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: