Շնորհավոր ծնունդդ, Ռոման
Ռոման Բերեզովսկին այսօր նշում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը։
«Շնորհավո՛ր ծնունդդ, Ռոմա՛ն»,-ֆեյսբուքյան էջում Բերեզովսկուն շնորհավորել է ՀՖՖ-ն։
Բերեզովսկին հանդես է եկել ռուսական «Դինամո Մոսկվա» ֆուտբոլային ակումբում, երկար տարիներ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես դարպասապահ։
Ռոման Բերեզովսկին ծնվել է 1974թ.-ի օգոստոսի 5-ին, Երևանում։ Նրա ծնողները 1970-ականների սկզբներին աշխատանքի բերումով տեղափոխվել էին Հայաստան՝ մասնակցելու Արփա-Սևան ջրատար համալիրի կառուցման աշխատանքներին, որից հետո բնակարան են ստացել և որոշել հաստատվել Հայաստանում։
7 տարեկանից Բերեզովսկին սկսել է իր առաջին քայլերը կատարել ֆուտբոլում։
Հայաստանի ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու նորամուտը կայացել է 1996թ.-ի օգոստոսի 31-ին, Աշխարհի 1998թ.-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիայի հավաքականի դեմ մեկնարկային խաղում, որտեղ Բերեզովսկուն հաջողվել է դարպասն անառիկ պահել և օգնել մեր ընտրանուն պատվավոր ոչ-ոքի խաղալ։ Հատկանշական է, որ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղերը Ռոմանի համար խորհրդանշական են եղել ոչ մեկ անգամ. 2007թ.-ի նոյեմբերի 17-ին, նույն հավաքականի դեմ նա անցկացրել է իր հոբելյանական՝ 50-րդ հանդիպումը ազգային ընտրանու կազմում, իսկ 2015թ.-ի հունիսին 13-ին, Բերեզովսկին հավաքականի կազմում իր վերջին պաշտոնական խաղն անցկացրեց հենց Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում:
Ընդհանուր առմամբ, Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ։
Բերեզովսկին 21 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ավագի թևկապով։ Առաջին անգամ նա հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է 2005թ.-ի մարտի 26-ին, Աշխարհի 2006թ.-ի առաջնության ընտրական փուլի Անդորրայի հավաքականի դեմ երևանյան խաղում, իսկ վերջին անգամ ավագի թևկապով խաղադաշտ է դուրս է եկել ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի խաղում՝ 2016թ.-ի մարտի 25-ին, Բելառուսի ընտրանու դեմ։