Թատերականացված ընթերցումներ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանը նրա 150-ամյակին
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ վարպետի տուն թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր: Ավետիք Իսահակյանի տուն–թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացնում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական գործունեության, տուն թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի շեշտադրումները։
Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ Ժամը 19։00-ին, կիրականացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով:
«Ավետիք Իսահակյանի սրտում մշտապես ապրել է սիրո գեղեցիկ զգացմունքը։ Այն հատկապես վառ արտահայտված է իր քնարերգության հերոսուհի Շուշանիկ Մատակյանի նկատմամբ։
Շուշանիկի հանդեպ Իսահակյանի սերն այն յուրօրինակներից էր, ինչպիսին Սայաթ-Նովայի սերն էր Աննայի հանդեպ, Պետրարկայի սերը՝ Լաուրայի հանդեպ։ Երկու սիրող սրտերի հանդիպումները, նամակագրությունը, բաժանումը մի ամբողջ սիրո դրամա է, որն ուղեկցել է բանաստեղծին ամբողջ կյանքի ընթացքում։
Հանրության համար Իսահակյանի հույզերը բացահայտելու, նրան այս կողմով ներկայացնելու, ճանաչելի դարձնելու նպատակով նախաձեռնել ենք թատերականացված ընթերցումներ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով։ Ներկայացման սցենարի հեղինակներն են թանգարանի աշխատակիցներ Ռուզաննա Մեսրոպյանը և Աննա Սարոյանը: Մասնակցում են դերասաններ Սիփան Զադոյանը, Արև Հակոբյանը, Արուսիկ Գրիգորյանը: Երգերը կատարում է Մարիցա Թիլիքյանը: Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմության բեմադրությունը կներկայացվի վարպետի տուն թանգարանի այգում (հասցե՝ Զարոբյան 20)։ Մասնակցությունը երեկոյին ներառում է նաև շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն: Ներկայացման ամբողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն»,- եզրափակել է թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը:
Միջոցառմանը մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան