Թևանյան. Լղոզվածությունը չի՛ ընդունվում
«Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների ֆոնին իշխանության առաջին դեմքերի ցուցադրական արձակուրդը, նրանց ուրախ ու զվարթ արձակուրդային լուսանկարները եվրոպաներից, հեծանվային փիառը և նմանատիպ այլ շոուներն արվում են «ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկվում է» բլեֆ-ծրագրի շրջանակներում»,-գրում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով, այնպես, ինչպես որ դա արվում էր 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դրվում, թե, իբր, Թուրքիան չի միջամտի պատերազմին (Լիլիթ Մակունց), թե, իբր, «Հաղթելու ենք» (Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան):
«Սրանք «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ Արցախը հանձնեցին: Հիմա խոսում են «Խաղաղության խաչմերուկից»: Նշանակում է՝ Հայաստանն է հարվածի տակ:
Այս ամենը լրացուցիչ զգոնություն և ողջամտություն է պահանջում բոլորից: Նաև հստակ տեսակետ ու գնահատական է պահանջում քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Լղոզվածությունը չի՛ ընդունվում: Դա հանցակից լինելու պես բան է՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածն է ներկայացնում լղոզվածությամբ աչքի ընկնող քաղաքական ուժը»,-նշում է նա։