Փաշինյանի գռեհիկ հաշվարկը. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանի գռեհիկ հաշվարկը
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից, սակայն հենց նրա նկատմամբ էին մեղադրանք հարուցել՝ դատարանի որոշմամբ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը:
Իմ շատ գործընկերներ վստահ են, որ դատարանի իրավաչափ որոշումից հետո իրական մեղավորները՝ կարգազանց պարեկները, կպատժվեն:
Ես ամենևին նման լավատեսություն չունեմ:
Արցախցի երիտասարդը, ինչքան հասկացել եմ, «պատժվել» է Հայաստանում առկա, այսպես կոչված, ղարաբաղաֆոբիայի հետևանքով:
Իսկ ղարաբաղաֆոբիայի հրահանգը գալիս է քաղաքական իշխանությունից, որն այդ գծին հավատարիմ կմնա այնքան, քանի այն քաղաքական դիվիդենտ է ապահովում:
Սակայն այս հարցում մինչև վերջ անկեղծ լինել է պետք:
Հայաստանում ղարաբաղաֆոբիայի ծիլեր շատ վաղուց են առաջացել՝ դեռ «Հայկական Թերմիդորից»(1998-ի պալատական հեղաշրջում) հետո, երբ արցախյան ծագում ունեցող նախագահների, մեղմ ասած, չմտածված քաղաքականության հետևանքով աստիճանաբար անջրպետ առաջացավ հայաստանցիների և արցախցիների միջև:
Նիկոլ Փաշինյանը գռեհիկ ձևով շահագործում է այդ հանգամանքը: Պատահական չէ, որ նա «մարսեց» անգամ Արցախի կործանումը, հիմա էլ չի վարանի գնալ նույնիսկ եղբայրասպան բախումների՝ հայաստանցի- արցախցի անջրպետը տարածելով կենցաղային հարաբերությունների վրա»: