Արցախցի երեխաների և մայրերի համար գործում են ճամբարներ, ընդունելությունն սկսված է
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակն այսօր Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացնում է մի շարք ծրագրեր։
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանն «ԱրցախTV»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծարգրերը բազմաթիվ են և ներառում են առաջին ճգնաժամային աջակցությունից մինչև ռազմավարական աջակցություն՝ զբաղվածության, աշխատանքի վերապատրաստման հնարավորություն։
«400 հազար տուփից ավելի սնունդ ենք բաժանել, սա հումանիտար աջակցություն էր։ Մենք ունենք նաև ռազմավարական մոտեցում, որոնք թույլ կտան Արցախի մեր հայրենակիցներին արժանապատիվ կյանք ունենալ Հայաստանում»,- ասաց Մխիթարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախի մայրերի և երեխաների համար իրականացվում են ճամբարներ,այժմ ընդունելությունը շարունակվում է։
«Մենք սկսեցինք իրականցնել ճամբարներ՝ մայրերի և երեխաների համար։ Եռօրյա ճամբարներեր էին Ծաղկաձորում։ Արդեն 1900-ից ավելի մարդ մասնակցել է։ Երեխաներն անցկացնում էին իրենց մանկական ճամբարը, իսկ մայրերին փորձում էինք հոգեբանական օգնություն ցույց տալ, նաև՝ կարերիայի կողմորոշում, հմտություններ, որպեսզի դուրս գան ճգնաժամային մտայնությունից։ Սա «Նաիրի» ճամբարի նոր ձևաչափն է, իսկ բուն «Նաիրի» ճամբարը երեխաների համար է։ Օգոստոսի 5-ից կսկսվեն ճամբարները, դեռ ընդունելություն ունենք։ Եթե Արցախի շահառուներից ցանկացողներ կան, կարող են «AGBU Armenia» ֆեյսբուքյան էջին գրել»,- տեղեկացրեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։