Խոշոր վթար Գյումրիում. Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն անցած գիշեր՝ ժամը 01:41-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսավորության սյանը, այնուհետև ճամփեզրի ծառերին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ․ Փ․-ն (ծնված 1997 թ.), Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ.), Տ․ Ղ․-ն (ծնված 1998 թ.) և Գ․ Ղ-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Տ. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։