Ֆեդերացիայի նախագահ. Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր մարմնամարզիկներին Փարիզ-2024-ում գրանցած արդյունքների համար՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ նրանք արել են առավելագույնը:
Ներկաներին ողջունել է նաև Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է:
«Ուրախ ենք, որ Օլիմպիական արծաթե մեդալը նվաճեցիք հենց Փարիզում, և այդ առումով Փարիզը Ձեզ համար առանձնահատուկ վայր կլինի: Հայաստանը թե՛ Փարիզի, թե՛ առհասարակ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է»:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար:
«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ընդգծել՝ նվաճած յուրաքանչուր մեդալ ծանր աշխատանքի արդյունք է.
«Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել. սա մեծ ձեռքբերում է մեզ համար: Այդուհանդերձ, նվաճած ցանկացած մեդալ մեծ պատիվ է և առաջին հերթին նպաստում է մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծացրել է ուշադրությունը հայկական սպորտին. արվում են հսկայական ներդրումներ, որոնք, անկասկած, իրենց արդյունքը տալիս են: 2027 թվականին Հայաստանում անցկացնելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ ի պատիվ մեր մարզիկների, մարզիչների և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի: Մեզ համար դա շատ նշանակալի և կարևոր փորձություն է, և վստահ եմ՝ պատվով ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը»: