Կարմրուկի հիվանդացության լայն տարածման ֆոնին առողջապահության նախարարությունը լքեց Գայանե Սահակյանը
Գայանե Սահակյանը օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել է իր աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում,որտեղ համակարգում էր մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։ Նա համակարգի հնաբնակներից է։
«Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմունականխարգելումը, քանի որ դեռևս 2006 թվականի օգոստոսին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ պարոն Արտավազդ Վանյանի առաջադրմամբ և երջանկահիշատակ Առողջապահության նախարար պարոն նորայր Դավիդյանի հրամանով նշանակվել էի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար և հատուկ նշանակության հանձնարարական էի ստացել՝ բարելավել երկրում պատվաստումային գործընթացը և պատվաստումային ցուցանիշները։ Ինչու՞։ 2005 թվականին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երեխաների միայն 60 տոկոսն էին ստացել իրենց տարիքային պատվաստումները, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն այս ցուցանիշն ավելի էր նվազել՝ մոտ 46 տոկոս։
Երկար և տքնաջան թիմային աշխատանքի շնորհիվ, հատկապես առաջին երկու տարվա ընթացքում աշխատելով նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին, արդյունքն արդեն տեսանելի եղավ 2010 թվականին և 2015 թվականներին իրականացված ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտություններով՝ 80 տոկոս և 89 տոկոս համապատասխանաբար։ Ներկայում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, երեխաների առնվազն 92 տոկոսը ստացել են տարիքային բոլոր հիմնական պատվաստումները։
Որպես Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, անչափ երախտապարտ եմ իմ անմիջական ղեկավար պարոն Արտավազդ Վանյանին, ով վստահել է իմ կարողություններին և ունակություններին, միշտ աջակցել է իմ աշխատանքային 18 տարվա ընթացքում իմունականխարգելման բարելավման ուղղությամբ քաղաքականությունների, իրավական դաշտի մշակման, նոր ռազմավարություններ ներդնելու և իրականացնելու համար։
Առաջնահերթ նշեմ 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային լրացուցիչ պատվաստումների իրականացումը՝ Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանի անմիջական ղեկավարությամբ, որի արդյունքում մինչև 2023 թվականը Հայաստանում կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական շրջանառություն չգրանցվեց։
Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։
Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը»,-մասնավորապես նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք
- Մեկ շաբաթում կարմրուկի 20 նոր դեպք է գրանցվել
- Մասնագետը վստահեցնում է՝ Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան