Եթե 100 կյանք ունենայի՝ հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի․ Գերասիմ Վարդանյան
«Այս հարցաքննությունը լավ է, որ հրապարակային է, բոլորը տեսնում են, բայց այս դատավարությունը տևում է չորս տարի, որի հետևանքով բանտարկվել եմ։ Հիմա էլ բանտից եմ եկել այստեղ՝ մեկ այլ շինծու քրեական գործով, որը «կարվել» է իմ նկատմամբ։ Վկայի հարցաքննությունն ու հարցերի պատասխանն էլ ուզում եմ հրապարակային լինի և հասարակության համար տեսանելի լինի, թե ոնց են «կարվում» այս քրեական գործերն ու մարդիկ ինչպես են բանտարկվում»,- հերթական դատական նիստին ասաց դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զանգվածային անկարգություններին, ինչպես նաև խմբի կազմում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում, ունի քաղաքական դրդապատճառ։
«Մարդկանց լռեցնելու, կաշկանդելու, հնազանդեցնելու նպատակ ունի։ Ես հիմա դահլիճում նայում եմ ընկերներիս, կնոջս ու մտածում՝ էս տարիների ընթացքում ինչերի միջով անցանք և դեռ որքան պետք է անցնենք, արժե՞ր, թե՝ ոչ։ Այն մարդկանց, որոնք «կարում են էս գործերը, մի բան կարող եմ ասել՝ այս ամենի միջով ,եթե 100 կյանք ունենայի , հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի։ Ինձ համար մեր հայրենիքի, Արցախի, հայ ժողովրդի ազատությունից էն կողմ ամեն ինչ բանտ է, տարբերություն չկա ,թե որտեղ կլինեմ։ Քանի դեռ ամբողջապես ազատ չենք, ամեն ինչ բանտ է՝ լինի դրսում ,թե՝ բանտախցում։ Սա շոու է,թատրոն, թե որքան կտևի՝ չգիտեմ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանի գործով անցան դռնբաց նիստի. ՈՒՂԻՂ
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը կընթանա դռնփակ