Արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ. Դասագրքի համահեղինակ
«Հասարակագիտություն-8» առարկայի համար դասագրքի համահեղինակ Արսեն Թավադյանը տեղեկացնում է՝ դասագրքի ընտրույուն գործընթացի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դեռ քայլեր կձեռնարկվեն։
«Անցած տարի պարոն Խաչատրյանն ինձ առաջարկեց միասին գրել «Հասարակագիտություն – 8» առարկայի համար դասագիրք: Ես սիրով համաձայնեցի աշխատել իմ նախկին դասախոսի հետ:
Մոտ կես տարվա աշխատանքից հետո գիրքն այս տարվա գարնանն արդեն պատրաստ էր և ներկայացվեց մրցույթի: Հետո արդեն սկսվեց այդ առարկայի հետ կապված անհասկանալի գործընթաց. մի հանձնաժողովը որոշեց, որ հաղթողը մեր գիրքն է, հետո այդ հանձնաժողովը հեռացվեց, նշանակվեց նոր հանձնաժողով: Արդյունքում, մեր հեղինակած դասագիրքը չի կիրառվելու դպրոցներում: Գործընթացի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դեռ քայլեր կձեռնարկենք:
Այնուամենայնիվ, դասագիրք գրելը շատ հետաքրքիր փորձ էր: Պարոն Խաչատրյանի հետ սկզբնական քննարկումների ժամանակ որոշել էինք, որ հատկապես հասարակագիտություն առարկայի դասագիրքը պետք է լինի Հայաստանի համար, կտրված չլինի մեր իրողություններից, իրավիճակները և խնդիրները պետք է կապված լինեն հենց մեր մարտահրավերներին:
Այդ իսկ պատճառով դասագրքում առկա են ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ փիլիսոփաների վերաբերյալ հատվածներ: Արդարության մասին խոսելիս քննարկվում է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:
Երբ քննարկվում են կոլեկտիվ իրավունքները, շեշտը դրված է ոչ միայն բնապահպանական իրավունքների վրա, այլև առաջնային` ազգերի ինքնորոշման իրավունքի և Արցախի հիմնախնդրի:
Որպես առաջին սահմանադրության օրինակներ ներկայացվում են նաև Շահամիրյանների «Որոգայթ փառացը» (1773թ.), Արցախի և Ուտիքի արքա Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» (6-րդ դար):
Ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ: Բայց անկախ դրանից ես գոհ եմ մեր աշխատանքի արդյունքից»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է, ո՞ւր եք հանձնաժողովի անդամներ. Սերոբ Խաչատրյան