Հայաստանից շարունակվում են չվերթներն Իրան և Լիբանան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթները գործում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, թռիչքների չեղարկումներ չկան, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե որևէ երկիր փակի իր օդային տարածքը։
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի մահից և Բեյրութում շիական Հեզբոլլահ շարժման ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այդ արարքներն անպատասխան չեն թողնի:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Անի Բադալյան
- Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
- Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհվել է Հեզբոլլահի երկու հրամանատար