Օսկանյան. Հայաստանի իշխանութունները պարտավոր են արցախահայերի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերել
Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում։ Պնդում է Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը։
Նա վերջերս է եղել Ժնևում, Բերնում, ունեցել հանդիպումներ, որոնք արդյունավետ է համարում։
«Ասեմ, որ ընդհանուր դրական տրամադրվածություն կա միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո արցախահայերի վերադարձի վերաբերյալ»,-նշում է նա՝ ավելացնելով, որ միջազգային գործընկերները հանձնախումբն ընդունում են որպես արցախահայության ձայն ու ցանկանում են որպես այլընտրանք լսել այն բանին, ինչ ներկայացնում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները։
Նրա խոսքով, եթե Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի իշխանությունների կողմից բերվի բանակցային օրակարգ, այն ունենալու է միջազգային աջակցություն։
«Ես սա ասում եմ միանշանակ, Տոյվո Կլաարն էլ նույն բանն է ասում, նա խոսում է ԵՄ անունից։ Կոչ եմ անում արցախահայությանը, հայ ժողովրդին, այս հարցն աչքաթող մի արեք, սա մեր պատասխանատվության խնդիրն է, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։ Այսօր ռեալ իրավունք կա արցախահայերի իրենց տներ վերադարձի համար»,-ասում է Օսկանյանը։
Նա ընդգում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են այս հարցն օրակարգ բերել, այդ մասին ասում են թե ԵՄ-ն, թե Ռուսաստանը։
«Հայաստանի իշխանությունները պարտավոր են այդ հարցը բերել օրակարգ, դա նպաստելու է առավել կայուն խաղաղության հասնել»,-ասաց նախկին ԱԳ նախարարը։