Ռոման Երիցյան. Գողական պարեկները
«Քանի որ տարբեր տեղեկություններ են տարածվում իբր պարեկային ծառայողների հետ միջադեպից առաջ եղբայրս ոչ կոռեկտ էր շփվում վերջիներիս հետ, ուստի հրապարակում եմ տեսաձայնագրության ևս մեկ հատված՝ հետևությունները թողնելով հանրության դատին»,-գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, որի եղբորը՝ Արամին այսօր կրկին ձերբակալել են։
Նա նաև նշում է.
«Միաժամանակ բոլորին, այդ թվում՝ պարեկային ծառայողներին հիշեցնում եմ, որ ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հունիսի 25-ի 36-Լ հրամանով հաստատվել է պարեկային ծառայության կանոնակարգը, որի 56-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն։
Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված:
Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են՝
1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,
2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,
3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,
4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,
5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը,
6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:
Նույն կանոնագրքի 58-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով։
Նույն կանոնագրքի 60-րդ կետի համաձայն՝ երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել՝ նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին: Նույն կանոնագրքի 62-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է լինի բարյացակամ և պոզիտիվ: Շարունակե՞մ»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են
- Դատարանը մերժեց պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը
- Հրապարակվել է Արամ Երիցյանի նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսաձայանգրությունը