Թանկ անասնակեր Ախալքալաքի շրջանում, խոտհնձի եռուզեռին
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է խոտհունձը` հայտնում է Ջնյուզը։
Խոտի գինն այս տարի թանկացել է, քանի որ այն քիչ է։ Այսօր խոտի մեկ տուկը վաճառվում է 6-ից 8 լարիով, սակայն գյուղացիները չեն բացառում հետագա թանկացումը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել է խոտհնձի գործընթացը։ Գյուղացիները դժգոհ են։ Այսօր խոտի 1 տուկն արժե 8 լարի, որոշ գյուղերում այն վաճառում են 5 լարիով, իսկ անցյալ տարի այն արժեր 4 լարի։
Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանը Խավետ գյուղից ասում է, որ Խավետ գյուղում արդեն 12 օր է շարունակվում է խոտհունձը։
«Շատ քիչ է, անցյալ տարվա կեսը։ Չնայած եղանակը անձրևոտ էր, այս տարի գարունը տաք էր, խոտը աճեց, բայց հետո եղանակը կտրուկ ցրտեց, ցուրտը փչացրեց այն։ Արոտների 40 տոկոսն արդեն հավաքվել է»,- ասում է Հրաչ Մովսեսյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղում արդեն ավարտվել է խոտհունձը։ Այնտեղ նույնպես նման իրավիճակ է։ Անահիտ Ափոզյանը ստիպված է անասուններին որպես կեր տալ հացահատկեղեն, որը նա աճեցրել է։
«3 կով ունեմ, իմ ունեցած խոտը կբավականացի, քանի որ, ես նաև հացահատկեղենն եմ հնձել որպես անասնակեր, որովհետև այս տարի լավ չէին աճել, կովերին կկերակրեմ»,- ասաց Ափոզյան Անահիտը։
Վարևան գյուղում անասուններին որպես կեր ևս կտրվի հացահատիկ, քանի որ քիչ խոտ է հավաքվել։
«Արոտներ չունենք, հացահատկեղենն ենք հնձում մեր անասուններին կերակրելու համար»,- ասաց վարևանցի Միշա Ստեփանյանը։
Կարծախ գյուղում խոտհունձը դեռ ընթացքի մեջ է։ Ըստ Գրիգոր Ասլանյանի, նախորդ տարվա համեմատ գյուղը 30 տոկոսով քիչ խոտ ունի։
«Կախված տարածքից, խոտը կարող է լինել շատ կամ քիչ: Գինը նույնպես, կախված խոտից, տատանվում է 6- ից 8 լարիի սահմաններում։ Կով շատ ունեմ, այս տարի անասունների գլխաքանակն էլ եմ ավելացրել, արոտներիս խոտը չի հերիքում, կգնեմ։ Անցյալ տարի շատ էր, բավարարեց»,- ասում է Գրիգոր Ասլանյանը։
Ազավրետ գյուղում խոտհունձը նոր է սկսվում։
«Անցյալ տարվա համեմատ շատ չէ, բայց ընդհանուր առմամբ նորմալ է։ Ալաստանցիները տարածք ունեն, այնտեղ չեն հնձում, իսկ մենք այս տարածքից երկար տարի է հնձում ենք։ Բացի այդ, մոտակայքում անտառ ունենք, այնտեղից էլ ենք քաղում»,- ասում է Բագրատ Զաքարյանը։