Ի՞նչ երաշխիք կա, որ հանքը բացվելու դեպքում ջրից չենք զրկվի․Հանրային լսում՝ Շենավան բնակավայրում
Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական շենքում «Դ․Ա․Վ ՖԱՅՆԴԵՌ» ՍՊԸ-ն հանրային քննարկումներ է անցկացնում՝ 2025-2028 թթ․ ընթացքում ոսկու և բազմամետաղների պաշարների գնահատման նպատակով երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերության ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյան հայտնեց, որ նպատակ ունեն երկրաբանական ուսումնասիրություններ կատարել։
«Համայնքը, պետությունը և շահագրգիռ կողմերը պետք է հասկանան գյուղապատկան հողերի ընդերքում օգտակար հանածո կա, թե՝ ոչ։ Եթե կա, ապա ինչ քանակության և արդյո՞ք արդյունահանման ենթակա է,թե ՝ոչ։ Երեք տարվա ընթացքում են ուսումնասիրություններ կատարվելու»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Բնակիչներին մտահոգում էր սակայն իրենց ջրի հարցը։
«Այս գյուղը,եթե այստեղ կանգուն է, ապա ջրի համար է առաջին հերթին։ Ի՞նչ երաշխիք կա, որ հանքը բացելու դեպքում ջրից չենք զրկվի»,- հետաքրքրվեց բնակիչ Միհրան Կարապետյանը։
Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ երաշխիքը՝ փորձաքննության արդյունքներն են լինելու։
Ամեն դեպքում՝ գյուղացիները մտահոգված են, որ հնարավոր հանքավայրի շահագործման դեպքում կաղտոտվի շրջակա միջավայրն ու, մասնավորապես, ջրային աղբյուրները։
«Ո՛չ մի հետազոտություն, ո՛չ մի բան, մեր ջուրը մերն է, մենք պետք է այդ ջուրն օգտագործենք։ Դուք Լոնդոնում ինչ ջուր կխմեք, մեզ հետաքրքիր չի, մենք մեր ջուրն ենք խմելու»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Ավելի մանրամասն՝ «Քաղաքացու ձայն» ՀԿ տեսանյութում։