Վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներում լրագրողների համար օրենքի՝ գոյություն չունեցող դրույթներ են մոգոնում
Panorama.am-ը գրությամբ դիմել էր ՀՀ Վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդեվածի համաձայն, տեղեկատվություն տրամադրել, թե ՀՀ պետական բյուջեով 2024 թ.-ին կառավարական առանձնատների պահպանման համար ինչքան գումար է նախատեսված և ի՞նչ նպատակներով է ծախսվելու։
Օրենքով սահմանված ժամկետում՝ 5 օրից ստացվել է պատասխան գրությունը՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարող Էմիլ Մանուկյանի ստորագրությամբ, որում, ըստ էության, որևէ որոշակի պատասխան չկա։
Պատասխան գրությամբ հղում է տրվում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համապատասխան կետերին։ Օրենքն ուսումնասիրելիս պարզեցինք, որ հիշատակված 1136-դ՝ ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրի համար բյուջեով հատկացված է 7,2 մլրդ դրամ։
Վերոնշյալ ծրագրի 11010 միջոցառման՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման ծառայությունների համար բյուջեով հատկացվել է մոտ 603 մլն դրամ։ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի պատասխանում չկա տեղեկություն, թե կոնկրետ ինչ նպատակների համար է օգտագործվում այդ գումարը, ինչի համար էլ դիմել էինք Վարչապետի աշխատակազմին։ Ծախսերի այդ բացվածքը չկա նաև պատասխանի մեջ հիշատակված որևէ հղումում։
ՀՀ կառավարությունից ստացված պատասխան գրության մեջ ուշագրավը սակայն վերջին տողն է, որում ասվում է. «Ծանուցում. Դիմում/ գրություն ներկայացնելիս անհրաժեշտ է դրան կից ներկայացնել նաև Ձեր անձը և լրագրող լինելը հավաստող փաստաթղթերը»։
Տեղեկատվության ազատության ոլորտն կարգավորող օրենսդրական դաշտում չկա նման նորմ, որով դիմումին կից պահանջվի անձը և լրագրող լինելը հավաստող փաստաթղթերը։
«Տեղեկատվության ազատության մասին օրենքում» ամրագրված է. «Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)»։ Պահանջվող վերանշյալ բոլոր կետերն ապահովված էին մեր գրության մեջ։
Չհավատոլով այս հանրահայտ ճշմարտությանը՝ վարչապետի աշխատակազմում տեղյակ չլինելու փաստին՝ մտածեցինք, որ որպես պետական մարմին երևի «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը Panorama.am-ի գրությանը պատասխանելիս առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, ինչին սովորաբար նման դեպքերում հղում են անում պետական մարմինները։ Պարզվում է, որ վերոնշյալ օրենքում ևս նման պահանջ գոյություն չունի։ Այս իրավական ակտում ասվում է.
«Հոդված 31. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
զ) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը»:
Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Վարչապետի աշխատակազմին և նրա ստորաբաժանումներին չի բավարարում լրագրողների գործունեությունը կանոնակարգող բավականին խիստր և շատ օրենսդրական նորմերը, այդ պատճառով էլ ձեռքի հետ հընթացս նորերն են մոգոնում։
Պատրաստեց՝ Արմեն Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Ամեն բացվող առավոտ մենք բոլորս վճարում ենք 4200 դոլար Կոնդի կառավարական ամառանոցում ապրող երջանիկ ընտանիքներին. Միքայել Նահապետյան
- Մեր ժողովուրդը պետք է անցակետ դնի կառավարական ամառանոցից կառավարության շենք հատվածում. Էդգար Ղազարյան