Օլիմպիադային հաղթողները
Անեկդոտ կա, ասում է՝ ինձ արդեն հետաքրքիր չէ, թե ով ինչ մեդալ է ստանում, ինչ ռեկորդներ է սահմանում՝ ես սպասում եմ Օլիմպիադայի փակմանը։
Այսինքն՝ գրված էր անեկդոտների բաժնում, բայց խոստովանության է նման։
Փարիզյան օլիմպիադայի բացումից հետո շատերին հետաքրքիր չեն ռեկորդային թվերը՝ լուրերն ու սոցիալական կայքերը կարծես այդ խայտառակ բացման շարունակությունը լինեն՝ ձևն է կերել իմաստը։
Ֆեյսբուքում Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի երկրպագուները իրարից տեսանյութերի հղումներ էին խնդրում, որ կարողանան մեր հայրենակիցների ոչ միայն հաղթանակների մասին իմանալ, այլ նաև հիանան դրանցով։ Հ1-ի ժլատության, թե աշխատանքային ռազմավարության «շնորհիվ» նույնիսկ այդ հաղթանակները տեսնելու հնարավորությունից զրկվեցինք։
Խայտառակ բաներ անեին՝ բացման նման, կամ հիմար լինեին՝ բանով ձողին հագնեին, կամ սխալվեին ու կանանց մրցումների մասնակցեին՝ հաստատ լիքը տեսանյութ կլիներ։
Դեռ պտտվում են թուրք հրաձիգի կրակելու մասին մեմերը, զարմանում են։ Ինչ կա զարմանալու, զարմանալի կլիներ, եթե թուրք ասկյարը հատուկ ակնոցներով ծառայեր՝ մարդը սովոր է առանց հուզվելու կրակելուն։
Ադրբեջանցիներն օրինակ լուրեր սողոսկեցին հղի նետաձգուհու կերպարով։
Եվս մի հղի, բայց եգիպտուհի սուսերամարտիկ մի օր էլ իրենով արեց ինտերնետը։
Հղիներին թողնե՞լ մրցումների՝ միարժեք չէ։ Մանավանդ, երբ կոնտակտային մարզաձև է։ Երեխային կարող է մի բան լինել, կամ մրցակիցը կարող է ամբողջ ուժով չպայքարել՝ ազնիվ չէ։
Մի քանի օրով օլիմպիադային հաղթեցին տեստոստերոնի ավելցուկով ու կասկածելի Y քրոմոսոմով բռնցքամարտիկներ ալժիրցի Իման Խալիֆն ու թայ Լինե Յույտինեն։ Կին են, տրանսգենդեր, թե տղամարդ՝ եռում էին եվրոպական արժեքների ջատագովների, լոյալների ու տղա երեխաներին ծնվելու ժամանակ պուպուլիկով ճանաչելուն կողմի վեճերը։
Ի դեպ, երկու պատվով ելույթ եղան այս ամենի հետ՝ իռլանդուհին բռնցքամարտում հաղթեց ալժիրական տեստոստերոնին, իսկ Իրանը պահանջեց ՄՕԿ-ից ներողություն խնդրել բացման ներկայացումների համար, որոնք վիրավորում են ոչ միայն քրիստոնյաներին, այլև բոլոր հավատացյալներին։
Իսկ այնպես՝ օլիմպիադան միջինից էլ ցածր է անցնում։ Եթե Սենայի կողքին, անձրևի տակ նստած հանդիսատեսը կես ժամից ավել ձանձրանում էր ոչնչից, ապա Սենա մտած լողորդուհիները այնտեղից դուրս եկան վարակված՝ նույնիսկ Փարիզի քաղաքապետի գովազդային լողը Սենայով այն չէր մաքրել։ Հեծանվավազքը ընթացավ թաց երթուղով, սպորտսմենների անձնական իրերը ֆրանսիական թե այլ գողեր տարան հենց մարզումների ժամանակ։ Խառնաշփոթին մասնակցեցին նաև անտունները՝ պահանջելով, որ իրենց ինչ-որ կերպ տեղավորեն։
Մի խոսքով՝ Օլիմպիադան պարտվեց։ Նույնիսկ եթե իդեալական փակում լինի։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան