Վճարեք 300 հազար դրամ, և կվերանա շահերի բախումը. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազարական դրամով տուգանել է Հրազդան և Արտաշատ համայնքների ղեկավարներին՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար։ Մերձավորի կամ քաղաքական կապեր ունեցող անձի հետ պայմանագրի կնքմամբ՝ համայնքի ղեկավարները չեն ներկայացրել գրավոր հայտարարություն Հանձնաժողովին, և, ըստ էության, ձեռնպահ չեն մնացել գործողություն կատարելուց: Երկու վարույթի հիմքում էլ «Հետքի» հոդվածներն են։
Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի համար համայնքային բյուջեից վճարվել է մոտ 156 մլն դրամ:
«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Ս․Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից, և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։
Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում:
Կուսակցական և ընկերական կապերն օգտագործվել էին նաև Արարատի մարզպետարանում: 2023թ․-ին ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմը մոտ 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ Արտաշատ համայնքում շինաշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայմանագրերը կնքելուց հետո մարզպետարանը, որպես պատվիրատու, իր իրավունքներն ու պարտականությունները համաձայնագրով փոխանցել է Արտաշատի համայնքապետարանին: Նմանատիպ կետ նախատեսված է եղել նաև պայմանագրով:
Արարատի մարզպետարանի անունից պայմանագրերը կնքել է աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը: Նա ևս Արտաշատ համայնքի ավագանու անդամ է: Իսկ Արթուր Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին