«Ջավախքի գարունը» Ախալքալաքում
Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» երգի-պարի 14-րդ մրցույթ-փառատոնը՝ հայտնում է Jnews-ը։Ախալքալաքի մունիցիպալիտետի 27 համույթներ՝ գունավոր տարազներով, իրենց գյուղի անվամբ պաստառներով այսօր հավաքվել էին Մշակույթի տան դիմաց՝ ավանդական խմբակային լուսանկար նկարվելու և սկսելու «Ջավախքի գարուն» ամենամյա երգի ու պարի փառատոնը։
Յուրաքանչյուր անսամբլ ցույց տվեց իր հմտությունները, տարբեր տարիքի երեխաներ ներկայացրեցին թե՛ հայկական, թե՛ վրացական պարեր, բեմից հնչեցին նաև ժողովրդական մեներգեր։ Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով՝ իրենց երեխաներին տեսնելու էին եկել ծնողները, մտերիմներն ու ընկերները։
Փառատոնին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքում մշակույթի ոլորտի գործիչներ։ Ժյուրին գնահատեց մասնակիցների ելույթները։
«Այսօր «Ջավախքի գարունը» երգի-պարի 14-րդ փառատոնի փակումն է՝ գալա համերգը։ Մասնակցել է 27 կոլեկտիվ։ Նշեմ, որ մի փոքր ուշացել ենք, քանի որ ամեն տարի փառատոնն անցկացնում ենք հունիսին, ամենաուշը՝ հուլիսին։ Եվ հետևաբար, շատ կոլեկտիվներ արդեն արձակուրդում էին և չէին կարողանում մասնակցել»,- մեկնաբանեց Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն Աշուղ Ալիք Ջավախքը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի քաղաքապետարանին՝ ֆինանսական աջակցության համար։
Համերգի ավարտին հայտնի դարձան մրցույթ-փառատոնի հաղթողները։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
Գրան պրի փառատոնի գլխավոր մրցանակը «Պար» անվանակարգում ստացավ Խանդո գյուղի համույթը։
Գրան պրի փառատոնի գլխավոր մրցանակը «Երգ» անվանակարգում ստացավ Անի Թորոսյանը։
«Պար» անվանակարգում՝
1-ին տեղ՝ Սամսար գյուղի համույթ
2-րդ տեղ՝ Վարևան գյուղի համույթ
3-րդ տեղ՝ Վաչիան գյուղի համույթ
«Երգ» անվանակարգում՝
1-ին տեղ՝ Գրիգոր Սանթրոսյան
2-րդ տեղ՝ Աննա Եփրիկյան
3-րդ տեղ՝ Զինա Կուրղինյան
Հիշեցնենք, որ «Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին։ Համաճարակի պատճառով փառատոնը երկու տարի չի անցկացվել։ Մյուս տարիներին այն պարբերաբար տեղի էր անցկացվում էր տարին մեկ անգամ՝ ամռանը։ Սկզբում գյուղերում անցկացվում է ընտրական փուլ, հետո գալա համերգին հայտարարվում են հաղթողները։