Պիպոյան. Ինչպե՞ս է ստացվել, որ 13 հազար կգ ոչ պիտանի հավի միսը ոչնչացվել է արկղերով, առանց տոպրակներից հանելու
«Սա հերթական սարսափելի լուրն է, որ մենք կարող ենք լսել։ Մեծ հույսեր ունեմ, որ քրեաիրավական գնահատական կլինի ողջ շղթայում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով այսօր ՊԵԿ տարածած հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ մոտ 14 հազար կգ օգտագործման համար ոչ պիտանի հավի միսը թաղել են, ինչից հետո «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
Պիպոյանն ընդգծեց՝ ունենք մի համակարգ, որտեղ հարցեր են առաջանում, արդյոք նման դեպքեր էլի եղե՞լ են ու չեն բացահայտվել, թե՞ ոչ։
«Հուրախություն մեզ, այս անգամ դեպքը կանխվել է։ Այս պրոբլեմը պետք է դուրս գա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ու Պետեկամուտների կոմիտեի տիրույթից, դեպքը պետք է քննեն իրավապահ մարմինները»,-ասաց ՀԿ նախագահը։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
ՀԿ նախագահը հույս հայտնեց, որ կիրականացվի լիարժեք, օբյեկտիվ ու համակողմանի քննություն հետագայում նման դեպքերը կանխարգելելու համար։
«Հրապարակված հաղորդագրությունից պարզ չէ, թե ինչ առումով է ոչ պիտանի եղել հավի միսը։ Օգտագործման համար ոչ պիտանի կարող է լինել մթերքը, որ պարունակում է ինչ-որ հիվանդություն կամ լինի առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի։ Ինչո՞ւ է սա կարևոր ու պետք է քննության առարկա լինի։ Ապրանքի ոչնչացման մեթոդի առումով։ Այն որոշում է տեսուչը։ Ինչպե՞ս է ստացվել, որ այդ ապրանքը ոչնչացվել է արկղերով, առանց տոպրակներից հանելու։ Սրան ևս պետք է տրվի քրեաիրավական գնահատական, ո՞նց է եղել, որ այդ մեթոդն է ընտրվել, որը տնտեսվարողին հողի տակից միսը հանելու հնարավորություն է տրվել»,-ասաց Պիպոյանը։
ՀԿ նախագահի խոսքով, պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե ո՞րքան ապրանք է հայտնաբերվել պահեստում, և արդյո՞ք, առկա է խմբաքանակ, որը շուկայահանվել է։
«Հարկ է նաև նկատել, որ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1060 որոշմամբ սահմանված վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգի 5-րդ և 6-րդ կետերի՝ փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում, և որոշման մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները: Նույն որոշմամբ սահմանվում է, որ, եթե վտանգավոր արտադրանքը աղտոտված է (կոնտամինացված է), պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:
Չնայած նրան, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ առկա չէ տեղեկություն ապրանքը մաքսային ընթացակարգով ոչնչացնելու վերաբերյալ, այդուհանդերձ, քանի որ բացառված չէ նաև այդ տարբերակը, հարկ է նկատել, որ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1681 որոշման՝ ոչնչացման եղանակը սահմանում է լիազոր մարմինը։
Միաժամանակ, պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվել ապրանքն ու ոչնչացման ի՞նչ եղանակ է սահմանվել և ինչու՞»,-նշեց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան