Քրիստինա Վարդանյան. Դե հավաքեք ձեր գեղազարդ ծառերն ու աղբանոցը նետեք
Խայտառակություն ու ահռելի միջոցների վատնում։ Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի որակումներ տվեց Երևանի ավագանու անդամ, Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը Երևանում նորատունկ ծառերի համատարած չորացմանը։
Panorama.am-ը երեկ արձանագրել էր, որ Սայաթ Նովա փողոցում չորացել են 2023-ին տնկված գնդաձև սոսիները։
«Սխալ ընտրված ծառատեսակներ են, որոնք այդ փողոցին հարմար չեն։ Ահռելի միջոցների վատնում կա, քանի որ մեկ ծառը ձեռք է բերվել 155 հազար դրամով, մինչդեռ այն որևէ խնդիր չի լուծում Երևանի համար։ Դրանք գնդաձև են, իսկ մեր կիզիչ քաղաքի պայմաններում մեր բնակչությանը պաշտանելու խնդիր ունենք։ Մեզ պետք է, որ լինեն լայն սաղաթ ու բարձր ծառեր, իսկ այս ծառերը երբեք չեն դառնա այդպիսին»,-ասաց նա։
Վարդանյանը Երևանում նորատունկ ծառերի համատարած չորացումը որակում է ահռելի միջոցների վատնում, ասում է՝ չի իրականացվել ծառերի գրագետ խնամք։
«Խոշոր ծառատեսակները տնկելուց հետո ագրոնոմիական բավական լուրջ խնամք պետք է իրականացվի, ինչը չի արվել, միայն ջրելը բավարար չէ։ Ծառերի տեսքից երևում է, որ դրանք շատ խեղճացած են։ Այս բույսերի չորացումը տևում է 2-3 տարի։ Հիմա մենք տեսնում ենք այն արդյունքը, ինչի մասին ես ահազանգել եմ 2023-ին։ Արված է սխալ ընտրություն, այս բույսերը հարմար չեն կիզիչ արևի տակ տնկելու համար, դրանք պետք է տնկված լինեին կիսաստվերային պայմաններում, հարմարվելուց հետո նոր բերեին, տնկվեին Երևանում»,-ասաց մեր զրուցակիցը։
Երևանում, ըստ նրա, պետք է ապահովել ծառերի, բույսերի, թփերի, բազմազանություն։ Հիմա ողջ աշխարհը դուրս է գալիս միատարր արված կանաչապատումից, քանի որ սխալ է։ Նման կանաչապատում արվել էր նաև խորհրդային տարիների ընթացքում Երևանում, երբ քաղաքի փողոցներում տնկվել էին միայն թեղիներ։
«Թեղիները հիվանդացան, մենք սկսեցինք ահռելի պայքար։ Արդեն այսօր կարող եմ ասել, որ թեղիների վիճակն իդեալական է։ Այսպես պետք չէր անել։ Ես քաղաքապետին էլ եմ ասել, ողջ փողոցի երկայնքով հատել ծառերը նշանակում է խնդիր ստեղծել նորատունկ ծառերի համար, ասել եմ, ծառերը չեն հարմարվելու, լինելու են շատ լուրջ խնդիրներ։ Հիմա մենք տեսնում ենք այն, ինչի մասին խոսել եմ նախապես, մասնագետի գնահատականը հենց դա է, մենք խոսում ենք այն մասին, ինչ լինելու է տարիներ անց։ Պետք է լինի համալիր, գրագետ աշխատանք, քանի որ կանաչապատումը շատ լուրջ գիտական ոլորտ է, այստեղ չի կարելի առաջնորդվել նախասիրություններով՝ «մենք տնկում ենք գեղազարդ ծառեր»։ Հիմա հավաքեք ձեր գեղազարդ ծառերն ու աղբանոցը նետեք։ Ի՞նչ ասեմ։ Միջոցները ծախսված են, արդյունքը ստացված չէ, ծառերը կորցրել ենք, շենքերը եռում են։ Ուղղակի խայտառակություն է այն, ինչի ականատեսն ենք մենք այսօր»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան