Օգոստոսի 11-ին հայ ժողովուրդը նշում է Նավասարդը
Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:
Նավասարդ, Հայկական տոմարի առաջին ամիս։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։
Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։
Հայկական Նավասարդի մեծ կենտրոնը, նշում է Անանիկյանը, Բագավանն էր՝ կրակի պաշտամունքի կենտրոնը։
Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» անունը, որը այսօր էլ նշում են։
Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։
Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։
Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։
Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։
Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։
Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային-ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։
Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։
Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն՝ Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները» (հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»՝ նվիրված Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին)։ Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը։ Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար. Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։