Երևանում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսը և «Toyota»-ն, կա 17 հոսպիտալացված
Օգոստոսի 11-ին, ժամը 09։00-ին Երևանում, Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։
«Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այս պահին էլ կողաշրջված «Կամազ»-ը հոսանքազրկում են և կատարում են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։